20-րդ դարի սկզբին մի շոտլանդացի ֆերմեր վերադառնում էր տուն։ Անցնելով ճահճուտ տարածքի կողքով՝ հանկարծ նկատում է մի տղայի, որը փորձում էր դուրս գալ ճահճից։ Ֆերմերը արագ կտրում է մի հաստ ճյուղ և, զգուշորեն այն մոտեցնելով խորտակվողին, դուրս է քաշում ճահճից:
- Եկեք գնանք իմ տուն, Դուք պետք է հանգստանաք և տաքանաք,- ասում է ֆերմերը:
- Ոչ, ոչ,- տղան օրորում է գլուխը,- հայրս ինձ է սպասում, նա, հավանաբար, շատ անհանգստացած է:
Տղան շնորհակալություն է հայտնում իր փրկչին և փախչում:
Առավոտյան ֆերմերը տեսնում է, թե ինչպես է իր տանը մոտենում շքեղ մի կառք։ Լավ հագնված մի պարոն դուրս է գալիս կառքից և հարցնում ֆերմերին.
- Դո՞ւք եք երեկ փրկել որդուս կյանքը։
-Այո, ես, - պատասխանում է ֆերմերը:
- Ինչքա՞ն եմ ես Ձեզ պարտք:
- Ինձ մի վիրավորեք, պարոն: Դուք ինձ ոչինչ պարտք չեք։ Ես արել եմ այն, ինչ պետք է աներ նորմալ մարդը.
- Ոչ, չեմ կարող այդպես թողնել, քանի որ տղաս ինձ համար շատ թանկ է։ Նշեք ցանկացած գումար,- պնդում է այցելուն:
- Այլևս չեմ ուզում խոսել այս թեմայով։ Ցտեսություն. – Գյուղացին շրջվում է, որ հեռանա, այդ պահին նրանց է մոտենում ֆերմերի որդին:
- Ձեր տղա՞ն է,- հարցնում է հյուրը:
-Այո, - հպարտորեն պատասխանում է ֆերմերը՝ շոյելով տղայի գլուխը:
- Եկեք այսպես անենք: Ես Ձեր որդուն ինձ հետ կտանեմ Լոնդոն և կվճարեմ նրա ուսման համար։ Եթե նա իր հոր պես վեհ է, ապա ոչ Դուք, ոչ ես չենք զղջա այս որոշման համար։
Եվ այդպես էլ անում են:
Անցնում է մի քանի տարի։ Ֆերմերի որդին ավարտում է դպրոցը, հետո՝ բժշկական համալսարանը, և շուտով նրա անունը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում՝ որպես պենիցիլին հայտնաբերած մարդու անուն։ Նրա անունը Ալեքսանդր Ֆլեմինգ էր։
Պատերազմից անմիջապես առաջ այդ նույն պարոնի որդին ծանր թոքաբորբով ընդունվում է Լոնդոնի կլինիկաներից մեկը։ Ի՞նչ եք կարծում, այս անգամ ի՞նչն է փրկում նրա կյանքը: Այո, պենիցիլինը, որը հայտնաբերել էր Ալեքսանդր Ֆլեմինգը:
Այսպիսով, Ֆլեմինգին կրթած ջենթլմենի անունը Ռանդոլֆ Չերչիլ էր, իսկ նրա որդու անունը` Ուինսթոն Չերչիլ, ով հետագայում դարձավ Անգլիայի վարչապետ։
Հավանաբար, հենց այս իրադարձություններն է հիշել Ուինսթոն Չերչիլը, երբ ասել է. «Այն, ինչ դու անում ես, վերադառնում է քեզ»:
Գրիգոր Գրիգորյան